Սերժ Սարգսյանն Աստանայում ներկայացրեց ԼՂՀ հակամարտության իրական պատմությունը

Սերժ Սարգսյանն Աստանայում ներկայացրեց ԼՂՀ հակամարտության իրական պատմությունը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին ելույթ է ունեցել Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթնաժողովում: Նախագահի ելույթում, մասնավորապես, ասվում է. «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարների այս հանդիպումը կարելի է յուրահատուկ համարել. այն ԵԱՀԿ առաջին գագաթնաժողովն է 21-րդ դարում և առաջինն է հետխորհրդային տարածքում: Շնորհավորում եմ ղազախստանյան գործընկերներին և անձամբ Նուրսուլթան Նազարբաևին ակտիվ նախագահության և բարձր մակարդակով անցկացվող գագաթնաժողովի համար:

ԵԱՀԿ տարածքում բնակվող ժողովուրդները հույսով և սպասումով են հետևում Հելսինկյան Եզրափակիչ ակտում ընդգրկված սկզբունքների ամբողջական կիրառմանը: Նրանցից է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը ևս կարող է ակնկալել այդ նույն սկզբունքների ու պարտավորությունների իրականացումը, որոնք համընդհանուր են` անկախ երկրի չափերից, բնակչության քանակից և բնական պաշարներից:

Լեռնային Ղարաբաղը 1991թ. սեպտեմբերին հռչակեց իր անկախությունը, որին հաջորդեց նույն թվականի դեկտեմբերին կայացած Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն`լիովին համապատասխանելով միջազգային իրավունքի նորմերին և Խորհրդային Միության գործող օրենսդրությանը: Դրան հաջորդած ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձևավորվեցին նաև երկու իրավահավասար պետական կազմավորումներ`Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների քաղաքականության և Ինքնորոշված Ղարաբաղի դեմ 1992 թվականին սանձազերծված զինված ագրեսիային ի պատասխան, Լեռնային Ղարաբաղը` չճանաչված, բայց լեգիտիմ պետությունը, ոչնչացման վտանգի առջև կանգնած ժողովրդին փրկելու համար պարտադրված եղավ դիմել ինքնապաշտպանության, ինչը ամբողջությամբ համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին:

Չհասնելով ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը` Ադրբեջանը ստիպված եղավ 1994 թվականի մայիսին ստորագրել կրակի դադարեցման եռակողմ համաձայնագիր` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Զինադադարը կարող էր սկիզբ դառնալ տարածաշրջանում ժողովուրդների շահերից բխող երկարատև խաղաղության հաստատման համար:

Բայց Ադրբեջանն անցած 16 տարիները բանակցությունների քողի տակ, ի հակառակ Մինսկի խմբի ջանքերի, օգտագործեց նոր ռազմական արկածախնդրություն նախապատրաստելու համար: Բաքվում համարում են, որ մոռացվել է ղարաբաղյան հակամարտության պատճառահետևանքային կապը: Երբ այսօր Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի հսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին, մոռանում է, որ հնարավոր չէ վերացնել իր իսկ ծավալած ագրեսիայի հետևանքներն, առանց վերացնելու հակամարտության պատճառը»,- ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---