2 դեկտեմբերի 2010 - 11:27 AMT
Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին ելույթ է ունեցել Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթնաժողովում: Նախագահի ելույթում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանի փորձերը ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ ոչ միայն ի սկզբանե դատապարտված են ձախողման, այլև շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը: Իսկ վերջին մեկ շաբաթվա մեջ ես կրկին համոզվեցի, որ այս փուլում Ադրբեջանը հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի լուծմամբ: Նրա միակ նպատակը Հայաստանին առավելագույն վնաս հասցնելն է:

Հայաստանը կտրականապես չի ընդունում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը: Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե և իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար:

Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, և, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո́չ իրավական, ո́չ քաղաքական և ո́չ էլ բարոյական հիմք:

ԵԱՀԿ գագաթնաժողովն ինքնին մեծ կարևորություն է ներկայացնում կազմակերպության հետագա գործունեության համար: Ցանկանում եմ հատուկ ընդգծել այն մեծ ավանդը, որ ԵԱՀԿ նախագահող երկիրը` Ղազախստանը, ներդրել է այս երկար սպասված հանդիպումն իրականություն դարձնելու և բարձր մակարդակով անցկացնելու համար», հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: