2 դեկտեմբերի 2010 - 12:11 AMT
Ավստրալիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին

ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աստանայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գագաթնաժողովի շրջանակներում ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ:

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպեց Ավստրալիայի նախկին վարչապետ, ԱԳ նախարար Քեվին Ռուդի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվեց ավստրալահայ համայնքի դրական դերակատարությունը Հայաստանի եւ Ավստրալիայի միջեւ համագործակցության զարգացման գործում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Զրուցակցի խնդրանքով` Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Քեվին Ռուդը իր երկրի աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին: