2 դեկտեմբերի 2010 - 16:57 AMT
Դանիլ Խաչատուրով. Հայաստանի կառավարությունը պետք է իր ժողովրդին սովորեցնի գումար կուտակել ծերության համար

Հայաստանում կյանքի ապահովագրում ներդնելու համար օրենսդրական նախաձեռնություններ են հարկավոր, եթե մենք համարենք, որ ժամանակն է ներդնելու այդ ծառայությունը, ապա այդ ծառայությունը մատուցող ընկերություն կբացենք, ասաց Ռոսգոսստրախ ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: «Որպեսզի երկրում զարգանա կյանքի ապահովագրումը, հարկային նպաստներ են անհրաժեշտ: Աշխատողն ու գործատուն պետք է հասկանան, որ եթե աշխատավարձի մի մասը փոխանցվի ոչ պետական թոշակային հիմնադրամ կամ կյանքի ապահովագրման ընկերություն, ապա այն չի հարկվում: Այսինքն պետությունը ձեզ վարկ է տրամադրում 15-20 տարով զրոյական տոկոսադրույքով, որպեսզի դուք ինքներդ ձեր համար միջոցներ կուտակեք»,- ասաց նա:

Խաչատուրովի խոսքով, ինչպես նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներում, Հայաստանում նույնպես ապահովագրական շուկայի զարգացման մեծ ներուժ կա: Նրա կարծիքով, այսօր ապահովագրությունը պետք է կազմի երկրի ՀՆԱ 2,5-3%-ը: «Մեծ Բրիտանիայում այս ցուցանիշը կազմում է 15% և հիմնականում` կյանքի ապահովագրման հաշվին: Հայաստանի կառավարությունը պետք է իր ժողովրդին սովորեցնի գումար կուտակել ծերության համար, ինչի նպատակով անհրաժեշտ է խթանել կյանքի ապահովագրումը: Դա ապահովագրման գլխավոր տեսակն է ամբողջ աշխարհում»,- ասաց Ռոսգոսստրախ ընկերությունների խմբի նախագահը: Նա ավելացրեց, որ Հայաստանի տնտեսության զարգացման տեսակետից հաջորդ քայլը պետք է լինի կյանքի ապահովագրության խթանումը, այդժամ տնտեսության մեջ «երկար փողեր» կհայտնվեն, ինչն այս երկրին ամենից շատ է պակասում: