ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել հանրապետության ֆինանսների առաջին նախարար Ջանիկ Ջանոյանի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել հանրապետության ֆինանսների առաջին նախարար Ջանիկ Ջանոյանի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցություն է հայտնել հանրապետության ֆինանսների առաջին նախարար Ջանիկ Ջանոյանի մահվան կապակցությամբ:

Հայաստանի կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ պետական ականավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների առաջին նախարար Ջանիկ Ջանոյանը վախճանվել է դեկտեմբերի 1-ին կյանքի 83-րդ տարում երկարատև և ծանր հիվանդությունից:

«Ջանիկ Ջանոյանն այն եզակի անհատականություններից էր ում կենսագրությունը մեր երկրի ու ժողովրդի նորագույն պատմության վերջին տասնամյակների յուրատեսակ արտացոլումն էր՝ լի փորձություններով, խիզախումներով ու հաջողություններով»,- վարչապետի խոսքերն է մեջբերում կառավարության մամլո ծառայությունը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Ջանիկ Ջանոյանը, երկար տարիներ լինելով Խորհրդային Հայաստանի կառավարության առանցքային դեմքերից մեկը, իր ողջ կարողությունները ներդրեց հանուն նորանկախ Հայաստանի կայացման, մեր երիտասարդ պետականության ֆինանսական ու բանկային համակարգերի ստեղծման ու կայացման և տնտեսության վերականգնման շնորհակալ գործում` Հանրապետության առաջին ֆինանսների նախարարի, այնուհետև Զարգացման հայկական բանկի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոններում: «Ես համոզված եմ, անհնար է գերագնահատել ֆինանսական համակարգի բացարձակ գիտակի ավանդը Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման նախապատրաստաման գործում, որի վկայությունը մեր երկրի առաջին թղթադրամի նմուշի վրա ամրագրված ականավոր գործչի ստորագրությունն է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---