2 դեկտեմբերի 2010 - 19:33 AMT
Կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի իմ համերգից հետո Երևան ժամանեն այլ հայտնի երաժիշտներ, խոստացել է Դոմինգոն

«Հայերի հետ ես ծանոթ եմ դեռևս մանկուց: Այն ուսուցչուհին, ում մոտ Փարիզում երաժշտության դասերի էր հաճախում մայրս, հայ էր` մադամ Բաբայանը»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Պլասիդո Դոմինգոն, որը Երևանում է գտնվում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում:

Ինչպես լրագրողներին հաղորդեց Դոմինգոն, ինքը շատ հայ ընկերներ ունի` Շառլ Ազնավուրը, Լևոն Սայանը և այլք: Երևանում վաղը կայանալիք համերգի ժամանակ իսպանացի երգիչը ելույթ չի ունենա մենակ` նրան կնվագակցեն հայ երաժիշտներ` օպերային երգիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, երգչուհի Ռոզի Սվազլյանը (սոպրանո):

«Ես և իմ խումբը կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի հայ հանդիսատեսը բավականություն ստանա վաղվա համերգից»,- ասաց Դոմինգոն` ավելացնելով, որ ինքը կանի ամեն ինչ, որպեսզի իր համերգից հետո այլ հայտնի երաժիշտներ նույնպես համերգներով ժամանեն Հայաստան «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում: