2 դեկտեմբերի 2010 - 19:54 AMT
Ամերիաբանկն առաջարկում է «Ճանաչիր փողի արժեքը» նոր ավանդային ակցիա

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն շարունակում է բացահայտել 100 անակնկալների շարքը և այս անգամ հանդես է գալիս «Ճանաչիր փողի արժեքը» նոր տարեկան ավանդային ակցիայով: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, այն նախատեսված է ֆիզիկական անձ ավանդատուների համար: Ակցիան գործելու է 2010թ. դեկտեմբերի 2-ից մինչև 2011թ. մարտի 1-ն ընկած ժամանակաշրջանում:

«Ճանաչիր փողի արժեքը» ակցիայի պայմանները ներկայացվում են ոչ թե ավանդական` տոկոսադրույքների տեսքով, այլ որպես տարվա վերջում ստացման ենթակա ընդհանուր գումարի և համապատասխան տոկոսադրույքներով զեղչված արժեքի տեսքով, որը ավանդատուի կողմից ներդրվող գումարն է: Ըստ ներդրված արժույթների` համապատասխան գումարների տարեկան արժեքը հետևյալն է. 1000 ՀՀդրամն արժե 910 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլարն արժե 92.5 ԱՄՆ դոլար, 100 Եվրոն արժե 94 Եվրո, ընդ որում, եկամտահարկն արդեն նվազեցված է:

Իսկ այն ավանդատուները, որոնք ավանդ կներդնեն 2010թ դեկտեմբերի 2-31 ընկած ժամանակահատվածում, հնարավորություն կունենան ավանդի ներդրման պահին ստանալ ներդրվող գումարի և մեկ տարի անց ստացման ենթակա գումարի տարբերությունը: Ընդ որում, նշված տարբերությունը հարկված է օրենսդրությամբ սահմանված կարգով և հանդիսանում է ավանդատուի տարեկան տոկոսային եկամտաբերությունը:

«Ամերիաբանկի» ֆիզիկական անձանց ավանդներն ընթացիկ տարվա 11 ամսում աճել են 50%-ով, իսկ 2009թ. նոյեմբերի 30-ի համեմատությամբ ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 2 անգամ և կազմել շուրջ 22 մլրդ դրամ: