2 դեկտեմբերի 2010 - 21:20 AMT
ԱՄՀ կարծիքով Հայաստանին ավելի խորքային բարեփոխումներ են անհրաժեշտ տնտեսության մոդեռնիզացման համար

2010թ. Հայաստանում տնտեսությունը սկսեց վերականգնվել, սակայն նրա տեմպերը դանդաղ են, ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի` ԱՄՀ ծանուցագրում, որը վերաբերում է ՀՀ տնտեսության վիճակին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ արտաքին միջավայրի բարելավման հետ մեկտեղ կրկին աշխուժացում է նկատվում արդյունաբերության և սպասարկման ոլորտներում, սակայն գյուղատնտեսության վրա ծանր ազդեցություն են թողել անբարենպաստ եղանակային պայմանները: «Ակնկալվում է, որ գյուղատնտեսության վերականգնման հետ մեկտեղ տնտեսական արդյունքը 2010թ. կաճի 4%-ով, ինչը ավելի ցածր է` համեմատած տարվա առաջին կեսին արձանագրված 6,5% աճի տեմպի հետ, իսկ հաջորդ տարի այն կաճի 4,5%-ով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդ որում` նշվում է, որ գյուղատնտեսական արտադրանքի ծավալների կրճատումը և ներկրվող ցորենի գների բարձրացումը հանգեցրել են պարենային ապրանքների գների աճին: Պարենային ապրանքների բարձր գները, որոնք կազմում են սպառողական գնային ցուցիչի կշռի շուրջ կեսը, վերջին ամիսներին նպաստել են այն բանին, որ տարեկան գնաճը մեծացել է` կազմելով ավելի քան 9 տոկոս: Ինչևէ, պարենային գնային ցնցումների թուլացմանը զուգընթաց մինչև 2010 թվականի ավարտը գնաճը պետք է որ դառնա 7%:

ԱՄՀ գործադիր խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ են առավել հաստատակամ և խորքային բարեփոխումներ կառավարման բարելավման, մրցակցության խթանման, մենաշնորհային վարքագծի դրսևորումների կրճատման, արտահանման դիվերսիֆիկացման, և, առհասարակ, տնտեսության արդիականացման համար: Ողջունելի են պետական պաշտոնյաների շահերի բախման դրսևորումների հասցեագրմանը, մրցակցային դաշտի զորացմանը և ընկերությունների համար շուկայական մուտքի արգելապատներշների կրճատմանն ուղղված միջոցառումները, որոնց պետք է հաջորդեն առևտրի ոլորտի հետագա բարեփոխումները: