5 դեկտեմբերի 2010 - 18:37 AMT
Փոխվարչապետին ներկայացվեցին տարվա ընթացքում Գեղարքունիքում կատարված աշխատանքները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզպետարանում այսօր անցկացված խորհրդակցությանը ներկայացվեցին մարզում տարվա ընթացքում իրականացված աշխատանքները:

Քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, նախորդ տարիների աշխատավարձերի պարտքերի մարման ընթացքը: Արձանագրվեց, որ մարզում նվազել են հողի հարկի, տեղական տուրքերի և վարձակալության գումարների հավաքագրման տեմպերը: Ա. Գևորգյանը հորդորեց քայլեր ձեռնարկել ցուցանիշները բարելավելու ուղղությամբ: Կարևորվեց մինչև տարեվերջ համայնքների 2011 թ. բյուջեների ընդունումը: Փոխվարչապետը մարզպետարանի աշխատակիցներին հանձնարարեց վերահսկողություն իրականացնել բյուջեների կազմման գործընթացի նկատմամբ` նկատելով, որ նախորդ տարիներին կուտակված պարտքերը նաև ոչ իրատեսական բյուջեների հետևանքով են առաջացել:

Փոխվարչապետին զեկուցվեց մարզում տարվա ընթացքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների մասին: Նշվեց, որ թեև նախորդ տարվա համեմատ այս տարի եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մշակվող ցանքատարածությունների ծավալը նվազել է, սակայն գյուղատնտեսական արտադրանքը, հատկապես կարտոֆիլը, իրացվել է ավելի բարձր գնով: Միևնույն ժամանակ այս տարի մարզում ավելի քիչ աշնանացան է կատարվել, սակայն 2011թ. նախատեսվում է կարտոֆիլի ցանքատարածությունների ավելացում: Ինչ վերաբերում է անասնաբուծության ոլորտին, ապա նախորդ տարվա ցուցանիշները պահպանվել են, իսկ կաթի մթերման գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ բարձրացել է:

Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաև Սևանա լճի հարակից համայնքների գլխավոր հատակագծերի կազմման աշխատանքներին: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց համայնքի ղեկավարներին հորդորել աշխատանքները կազմակերպել համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների` ակնկալելով գործընթացի իրականացում արդեն հաջորդ տարվանից: Քննարկվեցին նաև մարզի խնդիրներին վերաբերող մի շարք այլ հարցեր: