6 դեկտեմբերի 2010 - 15:14 AMT
Վիկտոր Կրիվոպուսկով. Հայաստանն ԱՊՀ այլ երկրների պես առաջին քայլերն է կատարում գիտական մշակումների առևտրայնացման ճանապարհին

Երևանում իր աշխատանքն է սկսել «Նորարարական քաղաքականություն և գիտական գործունեության արդյունքների առևտրայնացում» ռուս-հայկական սեմինարը: Միջոցառման շրջանակներում առաջատար ռուս գիտնականները ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչների, գիտության հարցերով պետական կոմիտեի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ քննարկելու են նորարարական հիմքի վրա տնտեսության արդիականացման հարցերը: Ինչպես նշել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում «Ռոսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ-ում գիտական մշակումների առևտրայնացման ոլորտում կատարվում են առաջին քայլերը: «Հայաստանը միշտ աչքի է ընկել գիտատեխնիկական ներուժով, սակայն առևտրայնացման խնիդրները միայն երկրի մակարդակում լուծելն անհնար է: Ահա ինչու Հայաստանը «Մինչև 2020-ն ԱՊՀ անդամ-երկրների նորարարական համագործակցության միջպետական նպատակային ծրագրի» ակտիվ մասնակից է, ինչպես նաև ԵվրԱզԷսի նման ծրագրի մասնակից»,- ասել է Կրիվոպուսկովը:

Ինչպես նշել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության հարցերով պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, այսօր փորձ է արվում ստեղծել ընդհանուր գիտատեխնիկական տարածություն ԱՊՀ շրջանակներում: «ԱՊՀ երկրներն անկախություն ձեռք բերելուց 20 տարի անց կորցրել են անհրաժեշտ ենթակառուցվածքը, ինչը բարդացնում է ինտեգրացիան եվրոպական և համաշխարհային գիտատնտեսական տարածությանը»,- ասել է նա:

Սեմինարը տևելու է մինչև դեկտեմբերի 7-ը: Միջոցառման կազմակերպիչներն են ՌԴ կրթության և գիտության նախարարությունը և Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը: