Աբել Աղանբեգյան. Էներգետիկայի ոլորտը Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղությունն է

Աբել Աղանբեգյան. Էներգետիկայի ոլորտը Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղությունն է

PanARMENIAN.Net - Էներգետիկայի ոլորտը Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղությունն է, գտնում է ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը: Ըստ նրա, Հայաստանի հարևան երկրները էլեկտրաէներգիայի կարիք ունեն, ուստի հարկավոր է զարգացնել էլեկտրաէներգիայի արտադրության բոլոր հնարավոր ուղղությունը և արտահանել հարևան երկրներ: Երկրորդ գերակա ուղղությունը ակադեմիկոսը համարել է ՏՏ ոլորտը: «Այդ ուղղությամբ Հայաստանը հսկայական հնարավորություններ ունի, որոնք չեն օգտագործվում: Երկրում նույնիսկ չկա գործակալություն, որը զբաղվում է այդ հարցերով»,-դեկտեմբերի 6-ին ասել է ակադեմիկոս Աղանբեգյանը Երևանում:

Աղանբեգյանը գտնում է, որ լավ հնարավորություններ կան լեռնահանքային ոլորտում և բնակարանաշինության ոլորտում: «Բնակարանները հարկավոր է էժանացնել, չէ որ բնակարանների 90 տոկոսը կառուցվում է Երևանում, իսկ մարզերում շինարարություն գրեթե չի ընթանում»,-հավելել է նա: Բացի այդ, ըստ փորձագետի, Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրությունը փակուղում է հայտնվել, այն դեպքում, երբ ժողովուրդն այստեղ ձեռներեց է, սակայն, նա ստիպված է իր գործը զարգացնել այլ երկրներում:

Բացի այդ, շատ կարևոր է երկրի համար զբոսաշրջության և գյուղարդյունաբերական համալիրի զարգացումը: «Զբոսաշրջության համար հարկավոր է զարգացնել ենթակառուցվածքները, կառուցել ոչ թե հինգաստղանի հյուրանոցներ, այլ ավելի մատչելի: Հարկավոր է ներգրավել նաև բնակչությանը, որպեսզի բացվեն փոքր հյուրանոցներ: Հարկավոր է կառուցել ճանապարհներն ու լուծել բազում այլ հարցեր»,-ասել է նա:

Աղանբեգյանը հավելել է, որ յուրաքանչյուր թվարկած կետի արժեքը 1 մլրդ դոլար է, ընդ որում, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2009թ. կազմել է շուրջ 9 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---