6 դեկտեմբերի 2010 - 18:16 AMT
Թուրք նախարարը խոսում է Կովկասում խաղաղության մասին՝ ակնարկելով, որ Թուրքիան կարող էր ավելի մեծ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար

Եթե Ադրբեջանի ու Հայաստանի, Թուրքիայի ու Հայաստանի խնդիրները լուծվեն, տարածաշրջանը շատ մեծ ներուժ կունենա: Այդ մասին Կարս այցելության ժամանակ հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհադ Էրգյունը:

Նախարարը նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շատ կարևոր նախագիծ է, որը կոչված է ապահովելու մեծ ներդրումների հոսքը տարածաշրջան: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Էրգյունն ասել է, որ այդ խնդիրը կարևոր է Անկարայի համար:

«Մենք սպասում ենք այդ խնդրի կարգավորմանը, քանի որ մեր երկիրը միշտ աշխատում է Կովկասում կայունության ապահովման ուղղությամբ: Հակամարտության կարգավորումը շատ կարևոր է Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի համար»,-ասել է թուրք նախարարը:

Էրգյունը նաև ընդգծել է, որ Թուրքիան հանդուրժող երկիր է, հայտարարելով. « Եթե մեր երկիրը հանդուրժող չլիներ, Հայաստանն ավելի շատ խնդիրներ կունենար», հաղորդում է Siyasalbirikim.com.tr-ն: