7 դեկտեմբերի 2010 - 12:13 AMT
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը կհանձնվի բրիտանական ոստիկանությանը

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն այսօր կհանձնվի բրիտանական ոստիկանությանը և կկանգնի Լոնդոնի դատարանի առջև: Դատարանը կքննի նրան Շվեդիային հանձնելու մասին գործը, որտեղ Ասանժը մեղադրվում է բռնաբարության համար, հաղորդում է «Ռուսաստան 24» հեռուստաալիքը:

Ինչպես հայտնել են Ասանժի փաստաբանները, նա բանակցում է բրիտանական ոստիկանության հետ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Երեքշաբթի ակնկալվող դատավարության ժամանակ Լոնդոնի Վեսթմինսթերի մագիստրոսական դատարանում Ասանժը կպայքարի իրեն գրավի դիմաց ազատ արձակելու համար, գրում է բրիտանական The Guardian թերթը:

Վերջին օրերին WikiLeaks-ի հիմնադիրը միջոցներ էր հավաքում գրավի համար իր ընկերների և կողմնակիցների շրջանում: Նա մտադիր էր հավաքել 100-200 հազար ֆունտ ստերլինգ:

Եթե դատարանը մերժի, կամ գումարն անբավարար լինի, Ասանժը ձերբակալված կմնա դատավարության ընթացքում: Որոշումն այդ հարցի վերաբերյալ՝ դրական կամ բացասական, պետք է ընդունվի 28 օրվա ընթացքում:

Երբ նախորդ ամսվա ավարտին WikiLeaks-ը սկսեց գաղտանզերծել ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերը, ԱՄՆ իշխանությունները քննություն սկսեցին այդ կայքի և նրա հիմնադրմի դեմ՝ ամերիկյան 1917թ. լրտեսության մասին օրենքի խախտման մեղադրանքով: Ըստ օրենքի որպես պատժի առավելագույն միջոց սահմանված է մահապատիժը: Միակ ամերիկացի քաղաքացիները, որոնք մահապատժի են ենթարկվել այդ օրենքով, եղել են ամուսիններ Էտել և Ջուլիուս Ռոզենբերգները, որոնք դատապարտվել են 1950-ականների սկզբին խորհրդային հետախուզությանը ԱՄՆ ատոմային գաղտնիքները փոխանցելու համար: Մինչդեռ եվրոպական երկրները, որպես կանոն, չեն հանձնում կասկածյալներին այն երկրներին, որտեղ նրանց մահապատիժ է սպառնում, դրանից կարող են օգտվել նաև Ասանժի փաստաբանները: