7 դեկտեմբերի 2010 - 13:52 AMT
Վրաստանի հեռախոսային տեղեկատուի ցուցակից Արցախը հանելու Ադրբեջանի փորձերը ձախողվեցին

Վրացական SILKNET հեռահաղորդակցային ընկերության Գարդաբանի մասնաճյուղում միջազգային զանգերի սակագների տեղեկատվական ցուցակում նշված է, որ Լեռնային Ղարաբաղ զանգ կատարելու համար անհրաժեշտ է հավաքել +374 47 9 կոդը: Ի պատասխան հեռախոսային տեղեկատուի ցուցակից Արցախը հանելու վերաբերյալ Բաքվի բողոքներին, SILKNET ընկերությունն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է Լեռնային Ղարաբաղ զանգ կատարելու կոդը: Այդ մասին, հղում անելով ընկերության պաշտոնական հայտարարությունը, հաղորդում է Business Գրուզիան:

«Վերոնշյալ կոդի օգտագործումը պայմանավորված է այդ օպերատորների հետ գործարքներով և մի շարք տրամադրված միջազգային հեռախոսային կոդերով: Հույս ենք հայտնում, որ Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինները միջազգային օպերատորներին կմատնանշեն Լեռնային Ղարաբաղ զանգելու համապատասխան կոդը, և միջազգային օպերատորները կշտկեն այդ խնդիրը»,- ասվում է հայտարարության մեջ: SILKNET ընկերությունը միջազգային զանգեր է իրականացնում Deutsche Telecom, Tata Communications (UK) Limited, OTE International Solutions S.A., LANK Telecom օպերատորների միջոցով, նշվում է հայտարարության մեջ:

2002 թվականի փետրվարից Լեռնային Ղարաբաղում ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններն իրականացնում է «Ղարաբաղ Թելեքոմը»: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների կոդերը համընկնում են (+374): Մինչդեռ Ադրբեջանը Ղարաբաղի քաղաքներին ոչ միայն սեփական անվանումներն է վերագրել, այլև կոդերը: Այդպես, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի փոխարեն ադրբեջանական հեռախոսային տեղեկատուներում բերված է Խանկենդի քաղաքը` «162» կոդով ադրբեջանական միջազգային «994» կոդի ներսում: Սակայն ԼՂՀ հնարավոր է զանգահարել միայն հայկական կոդով: