9 դեկտեմբերի 2010 - 14:20 AMT
Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնական խնդիրը բեմն է

«Մեր թատրոնը միայն մեկ բեմ ունի, ինչը շատ է բարդացնում մեր աշխատանքը: Այդ բեմում մենք և' փորձեր ենք կատարում, և' գլխավոր փորձն ենք անում, և' ելույթ ենք ունենում, ինչը շատ անհարմար է»,- դեկտեմբերի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Ալ.Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` սկզբնապես շենքը նախատեսված չի եղել օպերայի և բալետի համար:

«Ալեքսանդր Թամանյանը սկզբնապես Ժողովրդական տուն (մշակույթի տուն) էր նախագծել և չէր ենթադրում, որ շենքը կարող է ծառայել օպերայի և բալետի համար»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա ավելացրեց, որ նախկինում Կողբացու փողոցում գտնվող թատրոնն ուներ մի սրահ (մոտ 340 քառ. մ), «որտեղ գտնվում էին արվեստանոցը, լվացքատունը և շատ այլ բաներ, սակայն այն մեզանից խլեցին, ըստ երևույթին, պետական կարիքների համար»:

Նա նշեց նաև, որ մեկ այլ ոչ պակաս կարևոր խնդիրն այն է, որ երաժշտական գործիքները շատ հին են և վաղուց արդեն իրենց դարն ապրել են: