9 դեկտեմբերի 2010 - 14:43 AMT
Հայաստանի բնակչության կարծիքով, երկրում կոռուպցիայի մակարդակը միայն աճում է

Հայաստանի բնակչության 50 տոկոսի կարծիքով, վերջին երեք տարիների ընթացքում կոռուպցիայի մակարդակն աճել է, և միայն 15 տոկոսն է գտնում, որ այն նվազել է, որպես ամենակոռումպացված ոլորտ ընկալվում է կրթության համակարգը` իրենից ետ թողնելով երկրորդ-երրորդ տեղերը կիսող ոստիկանությանը և դատական համակարգին: Ինչպես հայտնել է լրագրողներին Transparency International Armenia հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ԿՀԲ 2010-ի հարցումը Հայաստանում անցկացվել է 2010 թ.-ի հունիսի 10-ից 20-ը` սոցիոլոգիական հարցումներ և մարքեթինգային ուսումնասիրություններ իրականացնող ռուսական հայտնի Ռոմիր հոլդինգի կողմից:

Հարցված համարյա ոչ մի երկրում կրթական համակարգը չի ընկալվում որպես ամենակոռումպացված ոլորտ, և երկրորդ, ոչ մի երկրում նշված համակարգը այդքան «բարձր միավոր» չի հավաքել (4.2), որքան Հայաստանում (գնահատման սանդղակը 1-ից 5-ն է, որտեղ 1-ը նշանակում է ընդհանրապես չկոռումպացված, իսկ 5-ը` լիովին կոռումպացված) :

Հայաստանում հարցմանը նախորդող 12 ամիսների ընթացքում կաշառք է տվել հաստատությունների/ծառայությունների հետ շփում ունեցած հարցվողների 22 տոկոսը: Այստեղ հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ տեղի է ունեցել կաշառատվության կտրուկ անկում: 2009թ.-ին հարցմանը նախորդող 12 ամիսների ընթացքում կաշառք էր տվել հաստատությունների/ծառայությունների հետ շփում ունեցած հարցվողների 43 տոկոսը:

Հայաստանում կոռուպցիայի դեմ իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը համարել է անարդյունավետ հարցվողների 53 տոկոսը, իսկ արդյունավետ` 27 տոկոսը: Մնացած 20 տոկոսի կարծիքով ոչինչ չի փոխվել: Այս առումով կարելի է համարել, որ Հայաստանը գրանցել է որոշակի հետընթաց նախորդ տարվա համեմատ, քանի որ անցյալ տարի իշխանությունների քայլերն անարդյունավետ էր համարել հարցվողների 48, իսկ արդյունավետ` նրանց 38 տոկոսը: