9 դեկտեմբերի 2010 - 14:54 AMT
Կամո Հովհաննիսյան. Ցածր աշխատավարձերի պատճառով Հայաստանն իսկական տաղանդներ է կորցնում

«Այսօր մենք բազմաթիվ հոյակապ մենակատարներ, երգիչներ, բալետի պարող և պարուհիներ ենք կորցնում սոցիալական անապահովության պատճառով: Իսկ որոշ արտիստներ ստիպված են լինում միանգամից մի քանի տեղ աշխատել, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց աշխատանքի վրա»,- դեկտեմբերի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Ալ.Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին:

Նրա խոսքով` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պայմանները շատ ավելի լավն են, քան այլ թատրոններում: «Ես աշխատավարձերի որոշակի բարձրացման եմ հասել, իսկ այլ թատրոններում իրադրությունն ավելի վատ է»,- նկատեց Հովհաննիսյանը` ավելացնելով. «Մեր բարիտոններից մեկը` Գևորգ Հակոբյանը, առանց չափազանցության համաշխարհային կարգի պրոֆեսիոնալ է, աշխարհի լավագույն բարիտոններից մեկը: Այժմ նա աշխատում է Իտալիայում և շատ հնարավոր է, որ այնտեղ էլ մնա, չնայած, որ հայրենասեր է»:

Հովհաննիսյանը նշեց, որ ավելի բարենպաստ պայմանների դեպքում «ոչ մի պարող կամ երգիչ չի հեռանա իր երկրից»:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարների աշխատավարձը կազմում է 53-118 հազար դրամ, երգչախմբի երգիչներինը` 40-90 հազար, երաժիշտներինը` 56-85 հազար և բալետի պարողներինը` 48-114 հազար դրամ: