WikiLeaks. Ստամբուլում MasterCard-ի գրասենյակի փակման պատճառը Հայոց ցեղասպանությունն էր ու վերաբերմունքը քրդերի հանդեպ

WikiLeaks. Ստամբուլում MasterCard-ի գրասենյակի փակման պատճառը Հայոց ցեղասպանությունն էր ու վերաբերմունքը քրդերի հանդեպ

PanARMENIAN.Net - WikiLeaks-ի հերթական հրապարկումները լույս են սփռում Ստամբուլում MasterCard-ի գրասենյակի փակման իրական պատճառների վրա: Անկարայում ԱՄՆ դեսպանատան նամակից պարզ է դառնում, որ ազգայնամոլական տրամդրությունները Թուրքիայում թեժացան 2005թ., երբ Ստամբուլում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Լիվերպուլ-Միլան ֆուտբոլային հանդիպումը:

Հանդիպման գլխավոր հովանավոր MasterCard-ը հատուկ ուղեցույց էր հրատարակել հատուկ հյուրերի ու լրագրողների համար, որտեղ քննադատաբար էր հիշատակվում Թուրքիայի պատմությունը, այդ թվում նաև Հայոց ցեղասպանությունը, ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքը և վերաբերմունքը քրդերի հանդեպ: Ուղեցույցում, մասնավորապես, ասվում էր, որ Աթաթուրքը դաժանորեն ճնշել է քրդերին, իսկ 1984թ. ի վեր բախումների արդյունքում զոհվել է շուրջ 30000 մարդ:

Ինչպես հաղորդում է աղբյուրը ամերիկյան դեսպանատնից, ուղեցույցում նշվել է նաև, որ հայերի չեզոք վերաբերմունքը Օսմանյան կայսրությանը 20դ սկզբին չփրկեց նրանց զանգվածային ոչնչացումից ինչպես Ստամբուլում, այնպես էլ կայսրության այլ քաղաքներում:

Այս հատվածները հրապարակվել են թուրքական «Զաման» թերթում, ինչը «անսպասելի արձագանք» ստացավ, ասվում է նամակում: Հանրությունը կոչ էր անում բոյկոտի ենթարկել MasterCard ընկերությունը, թուրք պաշտոնյաները կտրուկ հայտարարություններ էին անում և ընկերությունը ստիպված եղավ փակել իր գրասենյակը սպառնալիքների պատճառով: Դեսպանատանն ունեցած զրույցում մենեջերն ասել է, որ ոչ ոք չէր սպասում իրադարձությունների նման շրջադարձ:

Նամակում ասվում է, որ այդ իրադարձությունները վկայում են այն մասին, որ ազգայնական տրամադրությունները Թուրքիայում շատ սուր են, անկախ նրանից որ Թուրքիան հաստատվել է որպես ԵՄ-ին անդամակցելու թեկնածու:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---