9 դեկտեմբերի 2010 - 15:59 AMT
Հայաստանի կառավարությունը պայքարում է թմրամոլության դեմ

Նկատի առնելով մեր երկրում արձանագրված թմրամոլների թվի կտրուկ աճը, կառավարությունը մի շարք դեղամիջոցներ, որոնցից հնարավոր է տնային պայմաններում թմրադեղեր պատրաստել, մտցրել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցանկ, ինչը հնարավորություն կտա կանոնակարգել վերջիններիս շրջանառությունը։ Ինչպես նիստի ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, այդ դեղամիջոցներն են թիանեպտինը, տրոպիկամիդը, պրեգաբալինը և սեդալգինը։

Հաջորդ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է նրանով, որ առկա է օրենսդրական բաց` կապված դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի բաց թողնող անձանց պատասխանատվության ենթարկելու հետ։ Ակնկալվում է, որ օրինագծի ընդունմամբ կնվազի դեղատոմսով բաց թողնվող դեղերի ապօրինի շրջանառությունը և հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել խախտող անձանց։