9 դեկտեմբերի 2010 - 20:18 AMT
Թվային տախոգրաֆի համակարգի ներդրման նպատակով հատկացվել է 133,6 մլն դրամ

2011 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում կստեղծվի և կներդրվի թվային տախոգրաֆների նոր համակարգը, այս աշխատանքների ձեռքբերման նպատակով իր պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է 133,6 մլն դրամ։ Այդ որոշումն ընդունվեց դեկտեմբերի 9-ին կառավարության նիստում:

Ըստ այդ նոր համակարգի, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆներով (հսկիչ սարք), իսկ դրանց վարորդները` ունենան թվային տախոգրաֆի քարտեր:

Տախոգրաֆների տեղադրման անհրաժեշտությունը բխում է «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներից, որին Հայաստանը միացել է 2006թ.-ին:

Տախոգրաֆը չափման տեխնիկական սարք է, որը նախատեսված է ավտոմեքենայի ժամանակի, արագության, շարժման, վարորդների աշխատանքի և հանգստյան շրջանների անընդմեջ ինդիկացման ու գրանցման համար: