10 դեկտեմբերի 2010 - 18:06 AMT
Ղազախստանը մտադիր է կիրառել Հայաստանում պահանջարկ չգտած ինովացիաները

Դեկտեմբերի 10-ին Երևանում իր աշխատանքն է սկսել հայ-ղազախական գործարար համաժողովը, որն անցնում է Ղազախստանի կառավարության նախաձեռնությամբ և Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության աջակցությամբ: «Այսօրվա գործարար համաժողովն ուղղված է Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, երկու պետությունների հետագա զարգացման ու ներուժի օգտագործման նոր ուղղությունների ու հնարավորությունների որոնմանը»,-ասել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Աիմդոս Բոզժիգիտովը: Ըստ նրա, համաժողովում կներկայացվի Ղազախստանի պետական ծրագիրը 2010-14թթ. արագացված ինովացիոն արդյունաբերական զարգացման և ներդրումային նախագծերի վերաբերյալ:

Դեսպանն ընդգծել է, որ Հայաստասնում մեծ գիտական բազա է պահպանվել, որը մեծ ներդրումային ներուժ ունի: «Մենք կցանկանայինք կիրառել Հայաստանում պահանջարկ չգտած ինովացիաները»,-ասել է նա: Երկկողմ համագործակցության ներուժը Աիմդոս Բոզժիգիտովը տեսնում է մետաղագործության, բազալտի մանրաթելից խողովակների արտադրության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտում:

Բոզժիգիտովն ասել է, որ հայ-ղազախական գործարար համաժողովին հրավիրվել են Սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են ներդրումային ծրագրերի զարգացմամբ: