Կարեն Կարապետյան. Իմ հրաժարականի մասին լուրերն անհիմն շահարկումներ են

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի հրաժարականի հետ կապված զանգվածային որոշ լրատվամիջոցների շահարկումների և ապատեղեկատվության վերաբերյալ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը հանդես է եկել հերքմամբ, որում մասնավորապես ասվում է. «Իմ հրաժարականի վերաբերյալ լրատվամիջոցների կողմից օրեր շարունակ շրջանառության մեջ դրված ակնհայտ ուղղորդված տեղեկություններն իրականության հետ բացարձակապես կապ չունեն, դրանք ընդամենը անհիմն շահարկումներ են: Ցանկություններն իրականության տեղ ներկայացնելու փորձերն առաջին հերթին վատ վիճակի մեջ են դնում հենց նման անհաջող փորձերի հեղինակներին: Այդ անձանց ցանկանում եմ ընդամենն ասել`շատ մի տխրեք, երբ հասկանաք, թե որքան անիմաստ ժամանակ ու եռանդ եք վատնել, որը կարող էիք ավելի կառուցողական, մեր պետությանն ու ժողովրդին օգտակար գործերի վրա ծախսել: Իմ հարաբերությունները Հանրապետության ղեկավարի հետ գտնվում են բնականոն, աշխատանքային հարաբերությունների հարթության վրա, այնպիսին, ինչպիսին պետք է լինեն ՀՀ նախագահի և նրա աշխատակազմի ղեկավարի միջև: Իսկ որոշ մարդկանց փորձերը` հակասություններ ստեղծել նախագահի աշխատակազմում, մշտապես դատապարտված են»:

Կարապետյանի պաշտոնանկության մասին լուրերի պատճառ հանդիսացավ այն փաստը, որ նա էր կազմակերպել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ու ՀՀ աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի հանդիպումը, երբ Բեգլարյանը ծեծի էր ենթարկել Կանդայանին: Դրան հետևեց Գագիկ Բեգլարյանի հրաժարականը:

Միջադեպը Բեգլարյանի ու Կանդայանի միջև տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին հայտնի տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ: Մասնավորապես, Բեգլարյանի տիկինը և նրա ընկերուհին տեղեր են զբաղեցրել Հայաստանի նախագահի հարևանությամբ, որոնք ըստ արարողակարգի կարող են զբաղեցնել միայն Ամենայն Հայոց կաթողիկոսը, ԱԺ խոսնակը և վարչապետը: Արամ Կանդայանը խնդրել է Բեգլարյանի տիկնոջը մեկ այլ տեղ զբաղեցնել: Սակայն դա առաջացրել է Բեգլարյանի տիկնոջ վրդովմունքը, որը բողոքել է ամուսնուն: Իր հերթին Գագիկ Բեգլարյանը խնդրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին հանդիպում կազմակերպել Կանդայանի հետ: Հանդիպումը կայացել է, որից հետո Բեգլարյանը տարել է Կանդայանին իրեն պատկանող «Մետաքս» կոմբինատի տարածք և ծեծի ենթարկել նրան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---