11 դեկտեմբերի 2010 - 12:00 AMT
Սերժ Սարգսյանը կարևորել է ՀԱՊԿ փաստաթղթերում սահմանափակ ձևաչափով որոշումներ կայացնելու հնարավորության ամրապնդումը

Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նստաշրջանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Կազմակերպության փաստաթղթերում սահմանափակ ձևաչափով որոշումներ կայացնելու հնարավորության ամրապնդումը: Նրա խոսքերով, այս տարվա գարնան-ամռան ողբերգական իրադարձություններն ի հայտ բերեցին իրավական բաց, որը փաստացի արգելափակեց ՀԱՊԿ գծով անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հետ կապված օպերատիվ որոշում կայացնելու հնարավորությունը:

«Վստահ եմ, որ նման որոշումների կայացման գործող մեխանիզմի առկայությունը, նախազգուշական արձագանքման մեխանիզմի հետ մեկտեղ, թույլ կտա ապահովել Կազմակերպության ներուժի իրականացումը ճգնաժամային իրավիճակի ամենավաղ փուլում` չթողնելով, որ այն անցնի ակտիվ փուլի:

Հավասարապես կարևոր նշանակություն եմ տալիս այսօրվա նստաշրջանում ընդունված` գործող իրավական բազայի կատարելագործմանն ուղղված այն փաստաթղթերի փաթեթին, որոնք կանոնակարգում են հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորման և գործարկման կարգավիճակն ու հաջորդականությունը, ինչպես նաև դրանց կիրարկման համար որոշումների ընդունման կարգը:

Այն հատկապես կարևոր է արագ արձագանքման հավաքական ուժերի լիարժեք գործարկման ապահովման լույսի ներքո: Իսկ դա, իր հերթին, մեծացնում է ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ Խորհրդի կողմից նորմատիվ իրավական ակտերի ընդունման կարևորությունը, որոնք պատրաստվել են ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի գծով»,-ասել է նախագահն իր ելույթում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: