13 դեկտեմբերի 2010 - 15:59 AMT
Հայերը պայքարում են հանուն Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության

Ադրբեջանից քաղաքական, կրոնական, ազգային խմբերի փախստականների լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհուրդը դեկտեմբերի 13-ին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման վրա: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանում այսօր շահարկվում է ղարաբաղյան հակամարտության հարցը՝ թաքցնելու համար ազգային փոքրամասնությունների՝ այդ երկրի բնիկների հանդեպ իր ագրեսիվ գործողությունները, աճպարարում է փախստականներին վերաբերող թվերով, չբացատրելու համար համաշխարհային հանրությանը, թե ինչու են այդքան շատ փախստականները և այն պատճառները, որ ստիպում են մարդկանց հեռանալ երկրից: Նա ընտրել է հարձակումը որպես պաշտպանության միջոց: Ահա այս հարցերն ենք մենք ցանկանում արծարծել միջազգային կառույցներում»,-դեկտեմբերի 13-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանից քաղաքական, կրոնական, ազգային խմբերի փախստականների լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհրդի քարտուղար Էդուարդ Փոլադովը:

Իր հերթին պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը նշել է.«1990-ականների իրադարձություններն Ադրբեջանում կրում էին վառ արտահայտված ագրեսիվ բնույթ երկրի ազգային փոքրամասնությունների հանդեպ, մասնավորապես, պաստառների վրա գրված էր. «Մահ հայերին», «Ռուսներ, հեռացեք», «Թալիշներ, հեռացեք» և այլն: Այսինքն, բոլոր ժողովուրդները վտարվում էին երկրից, իսկ հայերը ենթակա էին ոչնչացման: Նույն միտումը շարունակվում է մինչ օրս»:

Ըստ նրա, միջազգային կառույցները համառորեն ուշադրություն չեն դարձնում միջազգային կառույցների վրա: