13 դեկտեմբերի 2010 - 18:44 AMT
Աստանայում քննարկվում է ԱՊՀ նորարարական համագործակցության միջպետական ծրագիրը

Աստանայում աշխատանքային խմբի նիստում քննարկվում է «Մինչև 2020 թվականը ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական համագործակցության միջպետական թիրախային ծրագիրը»: Այդ մասին Մոսկվա-Երևան-Աստանա-Կիև հեռուստակամուրջի ընթացքում հաղորդեց Ղազախստանի արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարության նոր տեխնոլոգիաների և էներգախնայման բաժնի տնօրեն Գալիմ Ամրեևը: Նրա խոսքով` Հայաստանի կողմից քննարկմանը մասնակցում է Գիտության պետկոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը: «Մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ անհրաժեշտ է համատեղ առաջնահերթություններ սահմանել` ինչով մենք զբաղվելու ենք: Քանի որ դա կապված է ֆինանսական միջոցների, ԱՊՀ երկրների բյուջեների հետ, հարկավոր է սկսել նրանից, որ մենք կարողանանք վերլուծել և հասկանալ, թե ինչպիսի մտավոր սեփականություն ունենք մեր երկրներում»,- ասաց նա:

«Նորարարական համագործակցության միջպետական ծրագիրը» նախատեսվում է հաստատել 2011 թվականի գարնանը: Փաստաթղթի շուրջ աշխատանքը 2010 թվականի մայիսից տարվում է ԱՊՀ գործերի Դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո») կողմից` Տնտեսության բարձրագույն դպրոցի մասնակցությամբ: Ծրագրի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել ԱՊՀ տնտեսությունների մրցունակության բարձրացման, ազգային նորարարական համակարգերի ձևավորման և արդյունավետ օգտագործման համար: Այսօր ծրագրին իրենց մասնակցությունը հաստատել են Հայաստանը, Բելոռուսիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդավիան, Ռուսաստանը, Ուկրաինան և Թաջիկստանը: