ՀԲ-ն Հայաստանի փոխվարչապետին ներկայացրեց Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ծրագրի նախագիծը

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը դեկտեմբերի 13-ին ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) գյուղական զարգացման ծրագրերի աշխատանքային խմբի պատվիրակությանը` Դոյնա Պետրեսկուի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:

Փոխվարչապետին ներկայացվեց Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի նախագիծը, որի նպատակն անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքներին աջակցելն է արոտավայրերի օգտագործման առավել մրցունակ ու կայուն համակարգերի ստեղծման հարցում: Ներկայացվեցին ծրագրի բաղադրիչները, որոնցից հիմնականը համայնքներում արոտավայրերի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորումն է, որը պետք է կառավարվի համայնքներում ստեղծվող ֆերմերային միությունների կողմից:

ՀԲ թիմին հետաքրքրում էր փոխվարչապետի մոտեցումը` ծրագրին մասնակցելու դեպքում համայնքների համաֆինանսավորման, ֆերմերային միությունների ձևավորման, ծրագրի իրականացման ժամկետների և այլ հարցերի վերաբերյալ:

Փոխվարչապետը ներկայացված նախագիծը կարևոր և հետաքրքիր համարեց` նկատելով, որ այն առաջին հերթին ուղղված է համայնքներում գործնական խնդիրների լուծմանը և համայնքների բնակիչների եկամուտների ավելացմանը: Նախագիծը կարևորվեց նաև անասնաբուծության զարգացման առումով, ինչը մեծ նշանակություն ունի գյուղատնտեսության ընդհանուր զարգացման համար: Անդրադառնալով համաֆինանսավորման խնդրին` Արմեն Գևորգյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությումը կարևորում է գյուղական ծրագրերում համայնքների մասնակցության խնդիրը, ինչը նաև համայնքի պատասխանատվության բարձրացմանն է միտված: Կառավարությունը նաև հետևողական է, որպեսզի համայնքն իր ստանձնած ֆինանսական պարտավորությունները կատարի ժամանակին ու լիարժեք:

Փոխվարչապետը նշեց, որ նախագծի մանրամասները կքննարկվեն կառավարությունում` այնտեղ ընդգրկված մոտեցումների վերաբերյալ վերջնական դիրքորոշում կայացնելու համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---