13 դեկտեմբերի 2010 - 19:27 AMT
Դեկտեմբերի 11-12-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն այցով գտնվում էր Թուրքմենստանում

Դեկտեմբերի 11-12-ը Թուրքմենստանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` «Թուրքմենստանի մշտական չեզոքությունը` համագործակցություն հանուն խաղաղության, անվտանգության և զարգացման» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով: Գիտաժողովին մասնակցում էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանի և աշխարհի տարբեր երկրներիից ժամանած պաշտոնական պատվիրակություններ, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գիտաժողովի մասնակիցները քննարկել են Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային համագործակցության, ազգամիջյան հիմնահարցերի լուծման և կանխարգելման տեսությանն ու գործնական քայլերին, տարածաշրջանային կազմակերպությունների դերակատարությանը վերաբերող խնդիրներ:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի, Թուրքմենստանի փոխվարչապետ, հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի թուրքմենական կողմի համանախագահ, նախկինում Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Խըդըր Սապարլիևի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Շեյբանի Ռաուֆ Մոհամմետրեզայի, Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մահմուդջան Սոբիրովի, Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալախոնիայի, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Կայրատ Ումարովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: