14 դեկտեմբերի 2010 - 16:57 AMT
ՀՀ կառավարությունում քննարկել են հայրենական ապրանք արտադրողների խնդիրները

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահության անդամների ու Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների նախագահների մասնակցությամբ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է. «Համոզված եմ, որ այս հանդիպումը, մի կողմից, հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացումներ ունենալ ձեր խնդիրների և այն հարցերի մասին, որ ձեզ այսօր մտահոգում են, ձեր տեսլականի մասին, թե ինչպես եք դուք տեսնում Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման հեռանկարները, և ինչ անելիքներ ունի կառավարությունը: Նաև հնարավորություն է մեզ համար ձեզ ներկայացնել, թե ինչպիսի ռեֆորմների փաթեթ ենք մենք այսօր պատրաստում, որը հաշվի է առնելու ճգնաժամի իրողությունը և այն դասերը, որ մեզ տվել է ճգնաժամը»:

Քննարկումներում արծարծվել են հարկային վարչարարության բարելավմանը, արտահանման ծավալների մեծացմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանմանը, նորարարական տեխնոլոգիաների ու զբոսաշրջության զարգացմանը, կառավարություն-արհմիություն համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել հնչեցված բոլոր հարցադրումներն ու առաջարկությունները գրավոր ներկայացնելը` հավաստիացնելով, որ դրանք կուսումնասիրվեն և հաշվի կառնվեն առաջիկա նախագծերում, իսկ որոշակի հարցերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարություններին ու գերատեսչություններին։

Վարչապետ Սարգսյանը կարևորել է նման խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը` ընդգծելով, որ դրանով իսկ հնարավորություն է տրվում կառավարությանը ճիշտ որոշումներ ընդունել քննարկվող հարցերի վերաբերյալ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: