15 դեկտեմբերի 2010 - 13:51 AMT
ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ավանդը երկրի էներգետիկայի զարգացման մեջ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) առաքելությանը:

Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր և արդյունավետ է գնահատել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ ծավալված համագործակցությունը և շնորհակալություն հայտնել իրականացված ծրագրերի համար:

Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել JICA-ի մասնակցությամբ Հայաստանի էներգետիկայի ոլորտում արձանագրված լուրջ ձեռքբերումների, մասնավորապես, Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի կառուցման կապակցությամբ:

Հյուրերի խնդրանքով վարչապետ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները և անդրադարձել կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին: Մասնավորապես, նա կարևորել է հարկային և մաքսային վարչարարության պարզեցումը գործարար միջավայրի բարելավման առումով, ինչպես նաև ընդգծել կառավարման համակարգի բարեփոխման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ճգնաժամից հետո Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ կառավարությանը մամլո ծառայությունը: