15 դեկտեմբերի 2010 - 13:53 AMT
ՖԻՖԱ վարկանիշում Հայաստանը 2010թ. ավարտում է 60-րդ հորիզոնականում

Դեկտեմբերի 15-ին ՖԻՖԱ-ն (ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա) հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային աղյուսակը: Ի տարբերություն նախորդ վարկանիշի, որը ներկայացվել է նոյեմբերի 17-ին, Հայաստանի ազգային հավաքականը 1 հորիզոնականով զիջել է դիրքերը և 515 միավորով 60-րդ տեղում է:

Անցյալ տարվա համեմատ հավաքականը բարձրացել է 40 հորիզոնականով. 2009-ին հավաքականը զբաղեցնում էր 100-րդ տեղը` ունենալով ընդամենը 321 միավոր: 2010-ին Հայաստանի հավաքականը 3 խաղերում հաղթանակ է տարել, երեքում` պարտություն, և մեկն ավարտվել է ոչ ոքի: EURO-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Վարդան Մինասյանի սաները խմբում զբաղեցնում են 3-րդ տեղը:

Խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Ռուսաստանը շարունակում է զբաղեցնել 13-րդ տեղը, Սլովակիան իջել է 20-րդ տեղը, Իռլանդիան` 36, Մակեդոնիան նախկինի նման 76-րդ տեղում է, իսկ Անդորրան` 202:

Վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել 2010-ի աշխարհի չեմպիոն Իսպանիան 1887 միավորով, երկրորդ տեղում Հոլանդիան է` 1723 միավոր, երրորդ տեղում` Գերմանիան (1485):