15 դեկտեմբերի 2010 - 18:12 AMT
ԵՄ-ն 100 մլն եվրո կհատկացնի Հայաստանին Ասոցիատիվ համաձայնագրի շուրջ բանակցությունների շրջանակներում

Առաջիկայում ԵՄ-ն ֆինանսական աջակցություն կցուցաբերի Հայաստանին 100 մլն եվրոյի չափով՝ իրականացնելու համար այն ծրագրերը, որոնք նախատեսված են Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցիատիվ համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցություններով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵՄ արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր տնօրինության ղեկավար Գուննար Վիգանդը:

Նա հավելել է, որ ԵՄ-ն մտադիր է աջակցել Հայաստանին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, մակրոտնտեսությունը, ինչպես նաև այլ ոլորտներում: «Մենք հուսով ենք, որ հաջորդ տարի մեզ կհաջողվի բանակցություններ սկսել ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ՝ Հայաստանի համար բացելով աշխարհի ամենախոշոր շուկաներից մեկը՝ եվրոպական շուկան»,-ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: