15 դեկտեմբերի 2010 - 20:37 AMT
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ցավակցությունների գիրքը բաց կլինի Ռիչարդ Հոլբրուքի մահվան կապակցությամբ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ցավակցությունների գիրքը բաց կլինի ամերիկյան ականավոր դիվանագետ Ռիչարդ Հոլբրուքի մահվան կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Երևանում ԱՄՆ դեսպանության մամլո ծառայությունը, ցավակցությունների գիրքը բաց կլինի հինգշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից մինչև 17:00: Ցանկացողները կարող են իրենց ցավակցությունը հայտնել նաև էլեկտրոնային փոստով` www.state.gov/holbrooke:

Ամերիկյան դիվանագետ Ռիչարդ Հոլբրուքը մահացավ դեկտեմբերի 13-ին սրտի վիրահատությունից հետո` աորտայի պատռվածքի պատճառով: Նա Դեյտոնյան համաձայնագրերի հեղինակներից մեկն էր, որը վերջ դրեց պատերազմին նախկին Հարավսլավիայում: 2009 թվականի հունվարի 22-ին Հոլբրուքը նշանակվեց Պակիստանի և Աֆղանստանի գծով ԱՄՆ Պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ: ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքով` «Ամերիկան կորցրեց կարկառուն մարտիկի և հանրային ծառայության մեծ նվիրյալի»: