Ինչ-որ մեկին շատ ձեռնտու է ռուսների մեջ ատելություն սերմանել կովկասցիների հանդեպ

Ինչ-որ մեկին շատ ձեռնտու է ռուսների մեջ ատելություն սերմանել կովկասցիների հանդեպ

PanARMENIAN.Net - Մոսկվայում ոչ մի կերպ չեն հանդարտվում «Սպարտակ» ՖԱ երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունից սկսված անկարգությունները: Դեկտեմբերի 11-ին Սվիրիդովի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար կազմակերպված ցույցը աղետալի կերպով վերաճեց կովկասցիների ծեծկռտուքի: Ընդ որում` դիտարժան է, որ ազգայնական կարգախոսներ վանկարկող ցուցարարների առանձնակի ագրեսիվ մասը ձեռքերն առաջ էր նետում նացիստների ողջույնի ժեստով:

Այդ օրը տուժեցին նաև երկու հայեր` 1995 թվականին ծնված տղաներ, որոնք Ռուսաստանի քաղաքացի են: Նշելով իրենց համադասարանցու ծննդյան օրը, դուրս գալով սրճարանից` դպրոցականներն անսպասելի կերպով արմատական ծայրահեղականների հսկայական ամբոխի վայրի հարձակման ենթարկվեցին: Ծանր վնասվածքներ ստացան նաև նրանց ընկերները` երկու ռուս, մեկ վրացի և մեկ ադրբեջանցի տղա, որը դանակի հարված էր ստացել մեջքին և հիվանդանոց տեղափոխվեց: Մեծ դժվարությամբ ոսիկանության հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներին հաջողվեց փրկել դեռահասներին արմատական ազգայնականների անկառավարելի ամբոխից, որոնց չէր կանգնեցնում անգամ ոստիկանության ներկայությունը:

Սկսած դեկտեմբերի 11-ից «ոչ սլավոնական արտաքինով» անձանց համար խիստ վտանգավոր է հայտնվել Մոսկվայի փողոցներում: Բորբոքված ազգայնականների հարձակմանը կարող է ենթարկվել ցանկացած նրանց դուր չեկած մարդ` անկախ սեռից և տարիքից:

Ազգային սփյուռքերի առաջնորդներն իրենց հերթին փորձում են կանխել անկարգությունների շարունակումը` կոչ անելով չենթարկվել սադրանքներին, տոկունություն ցուցաբերել և չմասնակցել չարտոնագրված ու աղետային ակցիաներին:

Այդ միջոցին անկարգությունները Մոսկվայում շարունակվում են: Այսօր` դեկտեմբերի 15-ին, Կիևյան կայարանի և «Եվրոպական» առևտրի կենտրոնի միջև գտնվող հրապարակում կռիվ է սկսվել «սլավոնական արտաքինով» մի քանի մարդկանց և երկու հյուսիսկովկասցիների միջև: Ընդհանուր առմամբ, ինչպես հաղորդում են ռուսական աղբյուրները, այսօր իրավապահ մարմինները մոտ 1000 հոգու են բերման ենթարկել:

Անկարգությունների ալիքն արձագանք է ստացել նաև Ռուսաստանի այլ քաղաքներում, մասնավորապես` Սանկտ-Պետերբուրգում, Սամարայում, Դոնի Ռոստովում:

Այդ միջոցին, ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ին հաղորդեց Ռուսաստանի հատուկ ծառայություններին առընթեր աղբյուրը, կարծիք կա, որ դեպքերը զարգանում են սոցիալական ցանցերի միջոցով, իսկ այդ ամենի հետևում Անօրինական գաղթականների դեմ շարժում (ԱԳԴՇ) ոչ անհայտ կազմակերպությունն է կանգնած: Միանգամայն հավանական է, որ ակցիաների ֆինանսավորումը նրանք ստանում են տարբեր կենտրոններից, մասնավորապես Մոսկվայում խոսում են անկարգությունների ֆինանսավորմանը Սորոսի Հիմնադրամի և մի քանի այլ կազմակերպությունների մասնակցության մասին»,- նշեց գործակալության զրուցակիցը:

Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները, Մոսկվայի կենտրոնում արդեն ներքին զորքերի զինծառայողներ կան, այդ թվում` ծառայողական շներով: Անվտանգության խստացված միջոցները ՌԴ մայրաքաղաքում կպահպանվեն մինչև դեկտեմբերի 15-ի խորը գիշերը: Իսկ առայժմ ազգային սփյուռքերի ղեկավարները հույս ունեն, որ իրավապահ մարմինները պատասխանատվության կենթարկեն այս անկարգությունների ոչ միայն մասնակիցներին, այլև կազմակերպիչներին, եթե իհարկե երբևէ հայտնի դառնա, թե ում է ձեռնտու կովկասցիների հանդեպ ատելության սերմանումը, և թե ով է ռուս դեռահաս տղաներին և աղջիկներին պոտենցիալ մարդասպանների վերածել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---