17 դեկտեմբերի 2010 - 14:13 AMT
Երևանի թվով 53-րդ քաղաքապետը խոստացել է արդարացնել մայրաքաղաքի սպասելիքներն ու վստահությունը

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀԿ-ին և Ավագանու անդամներին ցուցաբերած վստահության համար և կարծում եմ, որ մենք կկարողանանք ներդնել մունիցիպալ կառավարման նոր համակարգ»,-լրագրողներին է հայտարարել ընտրվելուց հետո Երևանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ առաջիկայում կներկայացնի Երևանի զարգացման հայեցակարգը:

Կարեն Կարապետյանը խոստավանել է, որ իրեն դուր էր գալիս աշխատել «ՀայՌուսԳազարդում», սակայն յուրաքանչյուր ղեկավար պետք է ժամանակ առ ժամանակ փոխի գործունեության ոլորտը: Ըստ նրա, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը բավականին հաջող քայլեր էր ձեռնարկում մայրաքաղաքի զարգացման ուղղությամբ: «Ես հուսով եմ, որ Բեգլարյանի բացակայությունը Ավագանու այսօրվա նիստում հարգելի էր»,-ասել է Կարապետյանը:

Նոր քաղաքապետը հայտարարել է նաև, որ ինքն անկուսակցական է, սակայն ՀՀԿ կողմնակից է:

«Ես մտադիր չեմ լուրջ կադրային «զտում» անցկացնել: Սակայն Երևանի այն համայնքների ղեկավարները, որոնք չեն կատարի ներկայացված պահանջները, կազատվեն աշխատանքից: Խաղի կանոնները պետք է հստակեցվեն»,-ասել է նա՝ նշելով, որ լեգիտիմության պակաս չի զգում: