17 դեկտեմբերի 2010 - 16:56 AMT
Հայաստանը հանրակրթության ոլորտում կներդնի «Լոգո» համակարգչային ծրագիրը

«Logo» ծրագրային փաթեթը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, որն ունի լայն աշխարհագրական, անիմացիոն և ծրագրային հնարավորություններ: Փաթեթը նախատեսված է դպրոցահասակ երեխաներին ինֆորմատիկա առարկան դասավանդելու համար և հարմար է օգտագործել այլ առարկաների (երկրաչափություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այլն) դասավանդման համար: Նման միջավայրում աշակերտը կարող է գրել, նկարել, ստեղծել իր սցենարով գրված մուլտֆիլմ, հորինել երաժշտություն»,-դեկտեմբերի 17-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Քվանտ» վարժարանի փոխտնօրեն Մասիս Սարգսյանը:

Ըստ նրա, ծրագիրը մատչելի է ինչպես նախադպրոցական հասակի երեխաների, այնպես էլ բուհերի ուսանողների համար: ՀՀ կրթությոն ու գիտության նախարարության և «Քվանտ» վարժարանի ջանքերով ավարտվել է միջավայրի տեղայնացման առաջին փուլը:

2010թ. մայիսին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել հանրակրթության ոլորտի ուսումնական գործընթացում «Լոգո» համակարգչային ուսումնական միջավայրի ներդրման վերաբերյալ: Ըստ այդ որոշման, չորս ուսումնական տարում նախատեսվում է ձեռք բերել «Լոգո» համակարգչային ուսումնական միջավայրը, տեղայնացնել այն, կատարել ինֆորմատիկայի առարկայական չափորոշիչների և ծրագրերի լրամշակում, ինչպես նաև մշակել համապատասխան ուսումնական նյութեր, կատարել ուսուցիչների վերապատրաստում և սկսել ծրագրի զանգվածային ներդրումը ՀՀ դպրոցներում: