17 դեկտեմբերի 2010 - 19:21 AMT
Հայաստանում փոքր ու միջին քիմիական ձեռնարկությունների զարգացման ծրագիր կմշակվի

Դեկտեմբերի 17-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, նիստում ի գիտություն է ընդունվել Հայաստանում բլոկմոդուլային քիմիական արտադրության զարգացման վերաբերյալ զեկույցը: Հանձնարարական է տրվել մշակել և խորհրդին ներկայացնել բլոկմոդուլային քիմիական արտադրության զարգացման բիզնես-ծրագիր:

Վարչապետը կարևորել է Հայաստանում քիմիական արդյունաբերության զարգացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը և հանձնարարել ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում կմշակի և խորհրդին կներկայացնի Հայաստանում փոքր ու միջին քիմիական ձեռնարկությունների զարգացման ծրագիր: