Էդվարդ Նալբանդյան. Չնայած Աստանայի հայտարարությանը, Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը

Էդվարդ Նալբանդյան. Չնայած Աստանայի հայտարարությանը, Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Իսպանիա այցելության շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայ-իսպանական հարաբերությունների, Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության եւ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ հեղինակավոր Club de Madrid եւ FRIDE (Foundation of International Relations and Foreign Dialogue - Միջազգային հարաբերությունների եւ արտաքին երկխոսության հիմնադրամ) քաղաքագիտական կենտրոնների կողմից կազմակերպված հանդիպմանը, որին ներկա էին ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ Մադրիդում հավատարմագրված դեսպաններ:

Պատասխանելով ներկաների հարցերին՝ Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ ղարաբաղյան կարգավորման խնդրին: Ըստ նրա, Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը կարեւոր հանգրվան էր` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առումով: Գագաթաժողովին ներկա ԵԱՀԿ գրեթե բոլոր պետությունների ղեկավարները իրենց ելույթներում ընդգծում էին ուժի կամ ու ուժի սպառնալիքի կիրառման բացարձակ անընդունելիության մասին: Հնգակողմ հայտարարությամբ ամրագրվեց, որ հիմնախնդրի կարգավորման հիմք պետք է հանդիսանան միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, 2009թ. հուլիսի 10-ի Լ'Ակվիլայի եւ 2010 թ. հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությունները, նշեց նախարարը:

ԱԳ նախարարը ասաց, որ Աստանայում եւս մեկ անգամ հստակ նշվեց, որ կարգավորման համար առաջարկվող սկզբունքներն ու տարրերը կազմում են մեկ ամբողջություն, եւ որեւէ մեկի` մյուսների նկատմամբ գերակայություն տալու փորձը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ չնայած Աստրախանի հռչակագրին եւ Աստանայի հայտարարությանը, Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, ինչի մասին են վկայում Բաքվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող վերջին հայտարարությունները:

«Առնվազն տարակուսանք է առաջացնում նաեւ այն, որ Աստանայի հնգակողմ հայտարարության ընդունումից ժամեր անց Ադրբեջանի պատվիրակությունը մերժում էր ներառել եւ նույնիսկ հիշատակել այն գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթերում»,- ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը,. ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ աշխարհի 50 երկրների շուրջ 70 պետության եւ կառավարության նախկին ղեկավարներ միավորող Club de Madrid-ի գլխավոր քարտուղար, Իսպանիայի նախկին արտգործնախարար Կարլոս Վեստենդորպի հետ: Հանդիպմանը հանգնամանալից զրույց տեղի ունեցավ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի խնդիրների շուրջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---