19 դեկտեմբերի 2010 - 16:03 AMT
Bank of America-ն վճարումներ չի ընդունի WikiLeaks-ից

Bank of America-ն հետևեց մի շարք այլ խոշոր ֆինանսական հաստատությունների օրինակին` դադարեցնելով մշակել WikiLeaks կայքին հասցեագրված դրամական փոխանցումներն ու վճարումները: Ինչպես ասվում է աշխարհի խոշորագույն բանկերից մեկի հայտարարության մեջ, «WikiLeaks-ը, հնարավոր է, վճարումների մշակման` մեր ներքին քաղաքականությանը չհամապատասխանող գործունեությամբ է զբաղվում»: Ի պատասխան WikiLeaks-ն իր կողմնակիցներին կոչ է արել հրաժարվել Bank of America-ի հետ համագործակցությունից:

WikiLeaks-ը վերջերս նախազգուշացրել էր մի շարք ամերիկյան բանկերի «ոչ էթիկ պրակտիկաների» մասին վկայող փաստաթղթերի բացահայտման ծրագրերի մասին, և այդ կապակցությամբ վարկած կար, որ ամերիկյան դիվանագիտական նամակագրության մեջ կարող է հիշատակվել նաև Bank of America-ն:

Ավելի վաղ WikiLeaks-ի հասցեին ուղղված նվիրատվությունների փոխանցումները դադարեցրել էին Visa, Mastercard, Paypal և մի շարք այլ վճարման համակարգեր:

Այդ գործողությունները ձեռնարկվեցին այն բանից հետո, երբ WikiLeaks-ը, համագործակցելով մի շարք առաջատար համաշխարհային ԶԼՄ-ների հետ, սկսեց հրապարակել ամերիկյան դիվանագետների` իր տնօրինության տակ հայտնված հազարավոր գաղտնի գրություններ, հաղորդում է BBC-ն:

Կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայում. նրա հանձնումը պահանջում է Շվեդիան, որտեղ 39-ամյա ավստրալիացին մեղադրվում է երկու կանանց հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ: Այս շաբաթ Ասանժը, որը պնդում է իր անմեղության հարցում, ազատ է արձակվել գրավի դիմաց: Նրա խոսքով` Շվեդիայի դատարանին կարող են հաջորդել նրան ԱՄՆ-ին հանձնելու փորձերը, որտեղ նրա և նրա վեբ-կայքի դեմ «ագրեսիվ» և «անօրինական» հետաքննություն է ընթանում: