Հայաստանում գնաճի բարձր մակարդակը պայմանավորված է պարենային ապրանքների գնաճով

Հայաստանում գնաճի բարձր մակարդակը պայմանավորված է պարենային ապրանքների գնաճով

PanARMENIAN.Net - Նոյեմբերին արձանագրված 12-ամսյա 9.6% գնաճի 7.5 տոկոսային կետը պայմանավորվել է պարենային ապրանքների գների աճով, ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի իրավիճակային հաշվետվության մեջ: Այդ մասին հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը:

«Նոյեմբերին արձանագրված 12-ամսյա 9.6% գնաճը շարունակում է պայմանավորվել ներքին գյուղատնտեսական պարենային ապրանքների գների աճով (նպաստումն ընդհանուր գնաճին` 4.7 տոկոսային կետ), ինչպես նաև ներմուծվող պարենային ապրանքների գների աճով (նպաստումը` շուրջ 2 տոկոսային կետ)` հիմնականում hացամթերքի գների վրա ազդեցության միջոցով: Նոյեմբեր ամսվա գնաճը ևս հետևանք է նշված պարենային ապրանքների գների աճի, որոնց ավելացել են նաև կաթնամթերքի, կենդանական և բուսական յուղի, շաքարավազի գնաճները»,- ասվում է հաշվետվության մեջ:

Բացի դրանից, ԿԲ-ն նշում է, որ 2010 թ. նոյեմբերին արձանագրված 1.6% գնաճի 1.7 տոկոսային կետը պայմանավորվել է պարենային ապրանքների գների 3.1% աճով: Ոչ պարենային ապրանքների գներն ավելացել են 0.5%-ով` 0.1 տոկոսային կետ նպաստմամբ, ծառայությունների սակագները նվազել են 0.3%-ով` կրկին 0.1 տոկոսային կետ նպաստմամբ: 2010 թ. երրորդ եռամսյակում շարունակվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, որի պարագայում հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է 2.4% տնտեսական աճ:

Ընդ որում, արագացել է արդյունաբերության ճյուղի ավելացված արժեքի աճը և կազմել 10%` պայմանավորված մետաղական հանքաքարերի արդյունահանման, սննդամթերքի, խմիչքների, շինանյութերի, քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի և ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալների աճով: Արագացել է նաև շինարարության ճյուղում ավելացված արժեքի աճը և կազմել 3.1%: Ծառայությունների ոլորտում աճի տեմպը դանդաղել է, կազմելով 4.9%: Շարունակվել, սակայն նախորդ ամսվա համեմատությամբ փոքր-ինչ դանդաղել է գյուղատնտեսության ճյուղի անկումը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 16.7%, ընդ որում, բուսաբուծության ենթաճյուղի անկումը կազմել է 23%. իսկ անասնապահության ենթաճյուղինը` 2.5%:

Ինչ վերաբերում է արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներին, գրեթե պահպանվել է ապրանքների արտահանման ծավալների աճի տեմպը, որը 2010թ. հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 41.3%: Ապրանքների ներմուծման աճի տեմպը շարունակել է դանդաղել և նշված ժամանակահատվածում կազմել է 16.7%:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---