20 դեկտեմբերի 2010 - 11:52 AMT
Երևանի նորընտիր քաղաքապետը երդվել է արդարացնել մայրաքաղաքի բնակիչների սպասելիքները

Երևանում տեղի է ունեցել մայրաքաղաքի նորընտիր՝ 53-րդ քաղաքապետի երդմնակալության արարողությունը: Կարեն Կարապետյանը հանդիսավոր կերպով երդվել է պահպանել Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները, կատարել Երևանի Ավագանու խորհրդի որոշումները, ազնիվ և բարեխղճորեն կատարել քաղաքապետի պարտականությունները, նպաստել մայրաքաղաքի բարգավաճմանը և գործել ի շահ երևանցիների:

Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը ներկա էր արարողությանը, հաջողություն է մաղթել Կարեն Կարապետյանին նոր ստանձնած պաշտոնում: Նա հույս է հայտնել, որ նորընտիր քաղաքապետը կարդարացնի մայրաքաղաքի բնակիչների սպասելիքները: Դեկտեմբերի 14-ին Երևանի Ավագանին իր արտահերթ նիստում 50 «կողմ» և 1 «դեմ»« ձայների հարաբերակցությամբ ՀՀԿ թեկնածու Կարեն Կարապետյանին ընտրեց Երևանի քաղաքապետ:

Դեկտեմբերի 8-ին ՀՀ նախագահի արարողակարգային ծառայության աշխատակցի հետ միջադեպի արդյունքում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց: