20 դեկտեմբերի 2010 - 14:30 AMT
Մոսկվայում փոխհրաձգությունից հետո, որի արդյունքում միլիցիոները սպանել է մի կովկասցու, հայտնաբերվել է ատրճանակ ու երկու հայկական անձնագիր

Մոսկվայի իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում քաղաքի արևմուտքում փոխհրաձգության փաստի առնչությամբ պարեկապահակային ծառայության ու երեք կովկասցիների միջև, որի ընթացքում մեկը սպանվել է: Ինչպես «Ինտերֆաքսին» է հայտնել քննությանը մոտ կանգնած աղբյուրը, փոխհրաձգության վայրում հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» պնեվմատիկ ատրճանակ, ինչպես նաև դիմակ:

ՌԲԿ-ի տվյալներով, բակերից մեկում միլիցիոներները գտել են նաև ՎԱԶ-2106 ավտոմեքենա աշխատող շարժիչով: Մեքենայում եղել են Հայաստանի երկու քաղաքացիների անձնագրեր և ավտոմեքենայի լիազորագիր նույնպես ՀՀ քաղաքացու անունով: Նրանց անձերը ճշտվում են: Ինչպես ասվել է ավելի վաղ, միլիցիոներները հրաձգություն են սկսել այն ժամանակ, երբ կովկասցիները փորձել են կողոպտել դրամ փոխադրողներին: Ինչպես նշել է ՆԳՆ պետ, միլիցիայի գեներալ-մայոր Ալեքսեյ Լաուշկինը, միլիցիայի աշխատակիցները կանխել են հարձակումը: Ըստ գեներալի, երեք անհայտները Հյուսիսային Կովկասի տարածաշրջանից են: