21 դեկտեմբերի 2010 - 18:10 AMT
Արմեն Մովսիսյան. Հայաստանի լեռնահանքային արդյունաբերությունն անգամ համաշխարհային ճգնաժամից հետո սկսել է նոր թափով զարգանալ

Այս տարի Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ոլորտում արդյունահանվել է 18,7 մլն տոննա հանքաքար, ինչը 11%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, դեկտեմբերի 21-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց երկրի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը` ամփոփելով տարվա արդյունքները:

Ընդ որում` նա նշեց, որ արդյունահանված հանքաքարից տարվա ընթացքում արտադրվել է 116 հազար 464 տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա արտադրության ծավալը գերազանցում է 32.6%-ով։ Արտադրվել է 8 893 տոննա մոլիբդենի խտանյութ՝ նախորդ տարվա համեմատ 0.2%-ով ավելի։ «Բազմամատեղային խտանյութերի արտադրության ծավալը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 198%-ով, ցինկի խտանյութի արտադրության ծավալը` 221 %-ով»,- նշեց նախարարը։ Ընդհանուր առմամբ այս տարի արտադրվել է 140 մլրդ դրամի խտանյութ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 59%-ով։ Այսպիսով, համաշխարհային ճգնաժամից հետո հանքարդյունաբերությունը Հայաստանում նոր թափով է սկսել զարգանալ»,- ընդգծեց նախարարը։