22 դեկտեմբերի 2010 - 14:23 AMT
Արմեն Պողոսյան. Հայաստանում գնաճի դեմ պայքարի միակ միջոցն ինքնահրկիզումն է

«Հայաստանում գնաճի դեմ պայքարելու միակ միջոցը մեզ համար մնում է ինքնահրկիզումը, քանի որ մեր ապացույցները, հրապարակումները, Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հետ վեճերը ոչ մի բանի չեն հանգեցնում»,- լրագրողներին մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Միաժամանակ, նա կարծում է, որ Ամանորից առաջ գները բարձրանում են ոչ թե խոշոր խանութների ցանցում, այլ փոքր խանութներում: «Որոշ սուպերմարկետներ վարում են գների նվազեցման քաղաքականություն, օրինակ, հիմա իջել են հնդկահավի և հյութերի գները: Ի տարբերություն մանր խանութների և փողոցային կրպակների, խոշոր խանութները փորձում են որոշ առումով զսպել գնաճը»,- ասել է փորձագետը: Նրա խոսքերով, արդեն բարձրացել են մրգերի, մսի, ձվի և պանրի գները: «Դեկտեմբերի սկզբին ձու արտադրողները խոստացել էին, որ իրենց արտադրանքի գները չեն բարձրանա, բայց դեկտեմբերի 21-ի դրությամբ ձվերի գները բարձրացել են»,- ասել է Պողոսյանը և հավելել, որ Հայաստանի սպառողական շուկայում միակ դրական պահն այն է, որ գրեթե չի նկատվում առանց պիտակավորման ձվերի վաճառք: