22 դեկտեմբերի 2010 - 15:48 AMT
Արթուր Աբրահամը կարող է զրկվել մարզչից

Ուլի Վեգներն ու միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կարող են դադարեցնել համագործակցությունը:

Ըստ Վեգների, Աբրահամը չի կարողանում համարժեք գնահատել իր վերջին մենամարտը, որտեղ ջախջախիչ պարտություն կրեց բրիտանացի Կարլ Ֆրոչից: Վեգները նշել է, որ եթե Աբրահամը չվերաիմաստավորի իր վերաբերմունքը թիմին և չընդունի իր թերությունները, ապա հետագա համագործակցությունը կորցնում է իմաստը:

«Աբրահամը շատ մեծամիտ է և չի կարողանում իրատեսորեն գնահատել իրեն: Նա միայն մյուսների սխալներն է որոնում, սակայն պետք է առաջին հերթին ազնիվ լինի ինքն իր առջև: Ողջ թիմին մեղադրելու փոխարեն, նա պետք է մոռանա անհաջողությունների մասին և կենտրոնանա ծանր աշխատանքի վրա, հակառակ դեպքում իմաստ չունի նրա հետ աշխատել»,-ասել է Վեգները, հաղորդում է box-club.ru-ն:

Վեգները խոստովանել է, որ այլևս ազդեցություն չունի բռնցքամարտիկի վրա, և մենամարտից հետո «վախկոտ» անվանեց նրան: «Արթուրի պարտությունից հետո ես նրա հետ առանձին դեռ չեմ խոսել: Միայն նրա հետ խոսելուց հետո ես ավելի կոնկրետ բան կկարողանամ ասել»:

Աբրահամը Super Six-ի հաջորդ մենամարտում կհանդիպի մրցաշարի առաջատար, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի հետ, որը դեռ պարտություն չունի: