22 դեկտեմբերի 2010 - 16:19 AMT
Սեյրան Օհանյան. Երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը ՀՀ ռազմական պոտենցիալի բաղադրիչն է

Երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը ՀՀ ռազմական պոտենցիալի բաղադրիչն է: Այդ մասին ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ ոստիկանության կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական ուղղությամբ 2010թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, 2010-ի ընթացքում այդ ուղղությամբ ձեռնարկվել են որոշակի հայեցակարգային միջոցներ: «Կարծում եմ, որ ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում կարևոր դեր են խաղում ոչ միայն զինծառայողները, ուսուցիչները, այլ նաև հասարակության բոլոր շերտերի համակարգված աշխատանքը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը և հավելել, որ հենց դա է դարձել հանրակրթական և միջին մասնագիտական հաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակության դասավանդման բարելավման ծրագրի մշակման պատճառը:

Նա նաև հույս է հայտնել, որ խորհրդակցության անցկացումը նպաստելու է հետագա ծրագրերի իրագործմանը: