22 դեկտեմբերի 2010 - 17:40 AMT
Արմեն Աշոտյան. Պաշտպանությունն ազգային անվտանգության արտաքին հենասյունն է, իսկ կրթական համակարգը՝ ներքին

ՀՀ երիտասարդ սերնդի դաստիարակությունը պետք է հիմնվի երկու հենասյուների վրա՝ ռազմահայրենասիրական ու քաղաքացիական դաստիարակաության վրա: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ ոստիկանության կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական ուղղությամբ 2010թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցության ժամանակ: Ըստ նրա, նման դաստիարակությունը թույլ կտա ունենալ երկրի իսկական քաղաքացիներ, որոնք կսիրեն իրենց երկիրը, մտահոգ կլինեն նրա ապագայով: «Մենք գտնում ենք, որ պաշտպանության համակարգը ազգային անվտանգության արտաքին հենասյունն է, իսկ կրթական համակարգը՝ ներքին: Հակադրել այս համակարգերը կնշանակի խախտել հասարակական զարգացումների գործընթացը»,-ասել է նա՝ հավելելով, որ այսօր բոլոր համակարգերը պետք է ծառայեն պաշտպանության համակարգին: Նա նշել է, որ բանակ-հասարակություն շփումը պետք է առավել ինտենսիվ լինի: