23 դեկտեմբերի 2010 - 15:53 AMT
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ռեժիմի դեմ: Պատժամիջոցներն ուղղված են Հանրապետական գվարդիայի, մի շարք իրանական բանկերի ու խոշորագույն իրանական Iran Shipping Lines նավագնացության ընկերության դեմ:

2008թ. Iran Shipping Lines-ն արդեն ենթարկվել է պատժամիջոցների զենքի ապօրինի տեղափոխման կասկածանքով: Բացի այդ, «սև ցուցակում են» հայտնվել իրանական Ansar և Mehr բանկերը:

Հանրապետական գվարդիան առաջատար դիրքեր ունի ոչ միայն ԶՈւ համակարգում, այլ նաև տնտեսության մեջ: Գվարդիայի հովանու ներքո մշակվում են սպառազինության նոր տեսակներ, ինչպես նաև հետազոտություններ են կատարվում միջուկային զենքի ոլորտում:

Ըստ պատժամիջոցների, ամերիկյան բանկերին արգելվում է գործ ունենալ «սև ցուցակում» հայտնված բանկերի ու ֆիրմաների հետ: Ամերիկյան բանկերում գտնվող նրանց ֆինանսական միջոցների վրա կալանք է դրվել: Նոր պատժամիջոցները սահմանվեցին Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլից առաջ, հաղորդում է MIGnews.com-ը: