24 դեկտեմբերի 2010 - 15:43 AMT
Ստեփան Դեմիրճյան. 2010 թվականը չի կարելի նվաճումների տարի համարել

2010 թվականը չի կարելի նվաճումների տարի համարել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Ըստ նրա, առկա խնդիրների լուծման գործում առաջընթաց չի գրանցվել: Նա նշել է նաև, որ աճում է արտագաղթը: «Ընթացիկ տարվա ինը ամսվա ընթացքում շուրջ 65 000 հայեր են լքել երկիրը»,-ասել է նա՝ հավելելով, որ երկրի բնակիչների շուրջ 40 տոկոսը ցանկանում է լքել Հայաստանը: Նա նշել է, որ հաջողություններ չեն արձանագրվել նաև արտաքին քաղաքականության ոլորոտւմ:

Անդրադառնալով կադրային փոփոխություններին՝ Դեմիրճյանն ասել է, որ առանձին փոփոխությունները ոչինչ չեն տա: «Հարկավոր է անցկացնել անկախ ու արդար ընտրություններ»,-ասել է նա՝ նշելով, որ ընդդիմությունը բազմիցս է հայտարարություններով հանդես եկել այդ առնչությամբ:

Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ բոլոր ընդդիմադիր կուսակցություններից ամենակազմակերպվածը Հայ ազգային կոնգրեսն է: Ըստ նրա, հայ ժողովուրդը իր հույսերը կապում է այդ դաշինքի հետ: