24 դեկտեմբերի 2010 - 16:03 AMT
Երևանի դելֆինարիումը կարող է վտանգավոր լինել այցելուների կյանքի համար, հայտարարում են բնապահպանները

Դեկտեմբերի 24-ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում՝ նորակառույց դելֆինարիումի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա Հայաստանում դելֆինների շահագործման դեմ:

Ըստ «Էկո դաշինք» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանի, չնայած գործադրված ջանքերին՝ դելֆինարիումն արդեն կառուցվել է: «Մենք երկու նամակ ենք հղել քաղաքապետարան՝ մեկը նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, մյուսը՝ փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն պատասխան չենք ստացել: Երեք նամակ է ուղարկվել բնապահպանության նախարարություն, որտեղից մենք մեկ պատասխան ենք ստացել, որտեղ ասվում է, որ ոչ ոք նրանց չի դիմել շրջակա միջավայրի փորձաքննության հարցով»,-ասել է նա:

Իր հերթին Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ասել է, որ «դելֆինների շահագործումը վնասակար է ինչպես այցելուների, այնպես էլ այն երեխաների համար, ովքեր, իբր, պետք է այնտեղ բուժվեն»: «Անազատության մեջ գտնվող դելֆինների մոտ սթրեսի պատճառով շեղումներ են գրանցվում վարքագծում, ինչը մարդու հանդեպ ագրեսիայի պատճառ կարող է հանդիսանալ: Իսկ դելֆինարիումի սեփականատերերը հայտարարում են հիվանդ երեխաների համար դելֆինոթերապիայի մասին, այն դեպքում, երբ նման պայմաններում լողը դելֆինների հետ կարող է մահացու վտանգավոր լինել»,-ասել է նա: Ըստ նրա, գործարարները, ելնելով իրենց շահերից, նույնիսկ չեն մտածում դրա մասին: «Մենք մեր խնդիրն ենք համարում իրազեկել հանրությանը և կոչ անել թույլ չտալ դելֆինների շահագործում«»,-ասել է Ռ.Խաչատրյանը:

Իր հերթին «Էկոդար» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սվազյանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում կփակվի մուտքը դեպի դելֆինարիում:

Դելֆիններին որսալու և տեղափոխելու ընթացքում նրանց 70 տոկոսը մահանում է: Անազատության մեջ ամենաինտելեկտուալ կաթնասունների կյանքը զգալիորեն կրճատվում է՝ մոտ 50 տոկոսը մահվան է դատապարտված առաջին 2-3 ամիսներին, մյուսների գոյությունը մշտական սթրեսի մեջ է ընթանում, ինչը հանգեցնում է ագրեսիվ վարքի: Սխալ խնամքի պատճառով կենդանիները վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություններ են ստանում, որոնք ջրի միջոցով փոխանցվում են մարդուն: