24 դեկտեմբերի 2010 - 20:42 AMT
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց վարչական նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը

Դեկտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք հանդիսապետությամբ և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռի միաբանների մասնակցությամբ կատարվեց Մայր Աթոռի վարչական նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից:

Նոր կառույցը նախագծվել է Մայր Աթոռի ճարտարապետա-շինարարական բաժնի կողմից: Մասնաշենքը, որտեղ տեղակայվելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը, ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամը և ԷԿԼՕՖ հիմնադրամը, կառուցվում է Մայր Աթոռի, Կլոր սեղանի և ԷԿԼՕՖ-ի միջոցներով:

Հանդիսավոր արարողության ընթացքում, շարականների և սաղմոսների երգեցողության ներքո, ԷԿԼՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը օրհնեցին կառուցվող շենքի հիմքերը:

Արարողության ընթացքում ներկաներին դիմեց Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը, վստահություն հայտնելով, որ նոր պայմանները լավագույնս պիտի նպաստեն միջեկեղեցական երեք կառույցների գործունեության առավել արդյունավետ իրականացմանը:

Ապա Հովակիմ Սրբազանն ընթերցեց նոր կառույցի հիմնարկեքի առիթով հրապարակված Հայրապետական օրհնության գիրը, որում մասնավորաբար ասվում է. ՙՀայրապետական մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամին և ԷԿԼՕՖ հիմնադրամին, որոնք ընդառաջ մեր հրավերին քրիստոնեական սիրով զորավիգ եղան կառուցելու այս շինությունը, որի բարեկարգ հարկի ներքո պիտի կազմակերպվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջեկեղեցական կարևոր առաքելությունը՚:

Վերջում Կլոր սեղան և ԷԿԼՕՖ հիմնադրամների գործադիր տնօրեններ Կարեն Նազարյանը և Տիգրան Հովհաննիսյանը մասնաշենքի կառուցման արձանագրությունը զետեղեցին շենքի հիմքերում: